ՊԱՀՀ-ում նշվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 30-ամյակը

ՊԱՀՀ-ում նշվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 30-ամյակը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում նշվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 30-ամյակը: ՊԱՀՀ-ի պետի պարտականությունները կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանն իր շնորհավորական խոսքում նշել է, որ այդ տարիներին հանդեսը, առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտական հանդեսների համար սահմանած պահանջներով, նպաստել է ՀՀ ԶՈՒ-ում առաջավոր համաշխարհային ռազմական մտքի ու գիտելիքի տարածմանը, հայրենական ռազմագիտական մտքի զարգացմանը, ԶՈՒ անձնակազմի զինվորական ու բարոյահոգեբանական դաստիարակությանը, հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը և հասկացութատերմինաբանական ապարատի զարգացմանն ու համակարգմանը:

Ներկաներն իրենց շնորհավորական ելույթներում փաստել են, որ հանդեսի անձնակազմը հետևողական մեթոդաբանական աջակցություն է ցուցաբերել թե՛ զինծառայողներին, թե՛ քաղաքացիական գիտնական-հետազոտողներին գիտական հոդվածներ գրելու գործում և ապահովել նրանց ու ճանաչված մասնագետների միջև համագործակցություն:

Հրապարակված թվով 122 համարներում լույս են տեսել շուրջ 1170 գիտական հոդվածներ` նվիրված ինչպես միջազգային ու տարածաշրջանային, այնպես էլ ՀՀ պաշտպանական-անվտանգային և ռազմաքաղաքական-ռազմավարական բազմամակարդակ հիմնախնդիրներին: Ընդ որում, հրապարակված բոլոր հոդվածները սահմանված ընթացակարգերով անցել են գիտական փորձաքննություններ: Որպես փորձաքննող մասնագիտացված կառույցներ՝ հայրենական և արտասահմանյան վաստակաշատ գիտնականների (ՀՀ ԳԱԱ 2 ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ 3 թղթակից անդամ, 10 գիտությունների դոկտոր, 7 գիտությունների թեկնածու) ներգրավմամբ հանդեսում գործում են գիտախորհրդատվական և ռազմագիտական խորհուրդներ, իսկ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ծրագրերի ներկայացվածության գնահատման համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված խմբագրական խորհուրդը:

30-ամյա տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հանդեսի ղեկավար կազմը և աշխատակիցները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: