ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ստեղծվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ: Հանդեսի ստեղծման աշխատանքը հանձնարարված էր քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ (ներկայումս` պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր) Հայկ Սարգսի Քոթանջյանին:
Հայաստանի համար այդ դժվարին տարիներին, երբ նորանկախ հանրապետության կայացման, արտաքին քաղաքական ասպարեզում երկրի հեղինակության ձևավորման ու ամրապնդման, բանակաշինության, պատերազմում հաղթանակ տանելուց հետո այդ հաղթանակը ամրապնդելու օրախնդիր միջոցառումներ էին իրականացվում, անհրաժեշտ էին նաև հեռանկարային ծրագրեր:
Առաջին հայացքից թվում էր, թե պետության առջև ծառացած պրոբլեմների հորձանուտում նմանատիպ ձեռնարկումների իրականացումը առաջնային չէ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն էր տալիս բանակը կրթելուն, մեծապես կարևորում էր ժամանակակից ռազմական գիտական մտքի զարգացումը:
Բանակը արդիական զենքով սպառազինելու, անձնակազմին բարձր հայրենասիրական ոգով դաստիարակելու, մեր ազգային ռազմական ավանդույթներին, առաջավոր համաշխարհային փորձին, ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու հարցերը դարձան ուղենիշային: Ռազմագիտական հանդեսը իր գործունեությամբ էապես սկսեց նպաստել առաջավոր ռազմական գիտական մտքի ու փորձի տարածմանը, Զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը:
Հանդեսը գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ իրեն առաջադրված խնդիրների լուծմանը: Փորձի հարստացումը տեղի ունեցավ ժամանակի հետ համաքայլ, քանի որ Հայաստանի պատմության մեջ դեռևս չէր եղել ռազմագիտական որևէ հանդես, և, այդ առումով, չկային համապատասխան փորձառություն, ձևավորված աշխատանքային ավանդույթներ, առկա ձեռքբերումներ: Իրավամբ, հանդեսը իր ուրույն տեղը գրավեց ԲՈԿ-ի գիտական պարբերականների ցանկում և եռանդուն ու ստեղծարար աշխատանքի և որակի նկատմամբ պատվախնդրության շնորհիվ մեծ հեղինակություն ստացավ գիտական շրջաններում, ինչի վառ ապացույցը Հայաստանի Հանրապետության պետական ու ռազմական բարձրագույն ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, երկրի գիտության և կրթության ոլորտի վաստակաշատ, առաջավոր գործիչների բարձր գնահատականն է, որին մշտապես արժանանում է հանդեսը:
«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նպատակն է.
ա) ՀՀ ԶՈՒ-ում հայրենական ու համաշխարհային առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածումը,
բ) ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի բարոյահոգեբանական ու զինվորական դաստիարակությունը, հայրենասիրության վեհ զգացմունքի սերմանումը,
գ) ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստումը,
դ) ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտահետազոտական ու կրթական բաղադրիչների հետ համագործակցությամբ օտարալեզու ռազմագիտական ուսումնական ձեռնարկների թարգմանությունը, ինչպես նաև Համալսարանում մշակվող ուսումնական ձեռնարկների գիտալեզվական խմբագրումը և հրատարակումը,
ե) բանակ-հասարակություն կապի սերտացումը,
զ) հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակումը, հասկացութենական-տերմինաբանական ապարատի զարգացումը:
«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը զվաղեցրել են՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Սարգսի Քոթանջյանը 1994-1998 թթ., տեխնիկական գիտությունների դոկտոր, գնդապետ Արկադի Երեմի Սարգսյանը 1998-2006 թթ. և 2006 թվականից առ այսօր ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է պաշտոնաթող գնդապետ Դավիթ Սերգեյի Չիլինգարյանը: