Լույս է տեսել քաղաքական գիտությունների թեկնածու, ԶՈՒ գնդապետ, գրող Առլեն Շահվերդյանի «Էկոլոգիական անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» վերնագրով մենագրությունը (խմբագիր՝ ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյան, գրախոսներ՝ ք.գ.դ., պրոֆեսոր Գարիկ Քեռյան, ք.գ.դ. Սերգեյ Մինասյան, կ.գ.թ. Կարեն Մանվելյան):
Քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցության, բնահամակարգի միտումնավոր ոչնչացման կամ էկոցիդի հետազոտություններով Ա. Շահվերդյանը զբաղվում է դեռ 2010 թվականից: Նա երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Նոր լույս ընծայված մենագրությունը հեղինակի վերջին 14 տարիների խորքային հետազոտությունների արգասիքն է և «էկոլոգիական քաղաքագիտություն» գիտաճյուղի վերաբերյալ հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին հիմնարար աշխատությունը, որի բացառիկ արժեքը բարձր են գնահատել Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականներ և գործիչներ:
Հայաստանի Հանրային ռադիոյի «Հասարակ գիտություն» հաղորդաշարին տրված հարցազրույց մենագրության մասին:
Մնագրությունում ներկայացված են էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի ռազմավարական, ռազմական ռազմավարական, քաղաքագիտական և անվտանգային գնահատումներ՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային չափումներում, արդի քաղաքական, տնտեսական, տեղեկատվական գործընթացներում, ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում` էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոտեցումների ու մեխանիզմների, արդի մարտահրավերներին համապատասխանող քաղաքականության և ռազմավարության մշակման անհրաժեշտության համատեքստում: Կարևորված են քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության դերն ու նշանակությունը, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցությունը, բնահամակարգի միտումնավոր ոչնչացումը (էկոցիդ) և այլն:
Գրքում ընդգծված է էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի նշանակության մեծացումը բնաոչնչացման դատապարտմանն ու քրեականացմանն ուղղված միջազգային իրավական գործընթացներում՝ որպես ՀՀ անվտանգային շահերի ապահովման և առաջմղման նոր ու հեռանկարային հնարավորություն: Մանրամասնորեն արծարծված են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, հատկապես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ էկոլոգիական խնդիրները, հետևանքներն ու հետևությունները: Գիրքը աչքի է ընկնում հարուստ բովանդակությամբ և տպագրական բարձր որակով: Այն գրանցված է ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններում:






