Նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կնքվել են համագործակցության հուշագրեր ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ու ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի միջև:
Հուշագրերով ամրագրվում է գործակցություն ՀՀ-ում հայերեն ռազմագիտական ու անվտանգության ոլորտի տերմինաբանության մշակման և հասկացությունների տերմինաբանական ապարատի կատարելագործման, տերմինների միօրինակացման և գործածության նորմավորման, ինչպես նաև հայ ռազմագիտական մտքի զարգացման ուղղություններով: Նախատեսվում է համատեղ գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, համատեղ հետազոտական, ուսումնական ու մեթոդական նյութերի հրապարակում, վերապատրաստման կրթական ծրագրերի իրականացում, ժամանակակից հայոց լեզվի, լեզվաբանության և պաշտպանության ու անվտանգության ոլորտների լեզվի առանձնահատկությունների վերաբերյալ նախագծերի և ծրագրերի իրագործում:
Ստորագրելով հուշագրերը՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Դվոյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը բարձր են գնահատել գիտահետազոտական այս կառույցների միջև սերտ գործակցության ծավալումն ու դրա հեռանկարային զարգացումը: Նրանք կարևորել են նշված ոլորտների վերաբերյալ հայերեն տերմինաբանության մշակման և ներդրման միասնական քաղաքականության գործընթացի կազմակերպումը, որը նպաստելու է նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:










