Նոյեմբերի 1-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև:
Հուշագիրը նպատակաուղղված է պաշտպանության և անվտանգության ուղղություններով կրթական, հետազոտական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, գիտական հիմնարար և կիրառական համատեղ հետազոտությունների հնարավորությունների զարգացմանը: Հուշագրով նախատեսվում է նաև համագործակցություն՝ ՀՀ պաշտպանության համակարգի կառավարչական կառուցակարգերին վերաբերող կրթական, գիտական, տեղեկատվական և մշակութային հնարավորությունների փոխանակման ու գիտական համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով վերլուծական աշխատանքների և միջոցառումների իրականացման առումներով:
Կողմերը հուշագրով կարևորել են նաև ազգային, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ուղղություններով համատեղ հետազոտությունների իրականացման համար միջազգային գիտակրթական համագործակցության ընդլայնումը:
Ստորագրելով հուշագիրը՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը և ՀՀ ՊԿԱ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Ղազեյանը բարձր են գնահատել հուշագիրը ստորագրած գիտահետազոտական կառույցների միջև սերտ համագործակցության ծավալումն ու դրա հեռանկարային զարգացումը: Նրանք կարևորել են մասնագիտական բնագավառներում համատեղ հետազոտությունների իրականացումը և դրանց դերն ու նշանակությունը հայրենական գիտության զարգացման գործում:








