Սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել են «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրի 2024-2025 թթ. ուսումնական տարին և «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի 9-րդ հոսքը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառուները: ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը շնորհավորել է ուսումնառուներին՝ մաղթելով արգասաբեր ուսումնառություն: Դասընթացների մասնակիցներին մանրամասներ են ներկայացվել ՊԱՀՀ-ի ստեղծման պատմության, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեության վերաբերյալ:
«Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական և «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագրերը մշակել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ն՝ ՀՀ պաշտպանական համակարգի գործունեությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար:
«Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրի վերջնարդյունքները միտված են ուսումնառողներին փոխանցելու համալիր գիտելիքներ պետական, ռազմական ու ռազմավարական կառավարման, ռազմական ռազմավարության, միջազգային, տարածաշրջանային և ազգային, ինչպես նաև ռազմատնտեսական անվտանգության, ռազմավարական առաջնորդության, ռազմավարական պլանավորման վերաբերյալ, կատարելագործելու նրանց ռազմագիտական ու վերլուծական կարողությունները և դրանք մասնագիտական գործունեության ոլորտում կիրառելու հմտությունները:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը, նրանց ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Նույն օրը ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի վեցերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանի խոսքը՝ «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի վեցերորդ հոսքի մեկնարկի արարողության ժամանակ
Դասընթացի նպատակներն են՝ զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը՝ օժանդակելով նրանց արդյունավետորեն ներգրավմանը զորամիավորման ու կառավարման բարձր օղակներում մարտական և զորահավաքային պատրաստականության, համազորային օպերացիաների նախապատրաստման ու վարման, դրանց կառավարման գործընթացներին, և կատարելագործել ուսումնառողների գիտելիքներն օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման ու շտաբների ծառայության վերաբերյալ:






