Այսօր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի 7-րդ հոսքի մեկնարկի արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը, նրանց ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Դասընթացի շրջանակներում ուսումնառողներին փոխանցվում են պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ:
