Դեկտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի (The Defence Institution Building School in Georgia, DIBS) «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրները կրթօջախի պետի տեղակալի ղեկավարությամբ դեկտեմբերի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է հաստատությունների ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում արվող աշխատանքների, առկա խնդիրների շուրջ համագործակցելու, համատեղ մասնագիտական և կրթական նախագծեր ու միջոցառումներ պլանավորելու և իրագործելու կարևորությունը:
Այցի շրջանակում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ որպես նմանատիպ արտաքին գործակցության առաջին փորձ:
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանն ընդգծել է կարողությունների փոխանակման կարևորությունը՝ տարածաշրջանային ու ազգային անվտանգության, զինված ուժերի, օպերատիվ արվեստի և ռազմական կառավարման ոլորտներում գիտահետազոտական ու կրթական համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:









