ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ դեկտեմբերի 9-11-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել քոլեջի հրամանատար Մաքս Արթուր Նիլսենի ղեկավարած խումբը:
Ողջունելով հյուրերին՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանն արժևորել է այն հանգամանքը, որ համալսարանն արդեն երկար տարիներ համագործակցում է ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի հետ: Նշված գործակցության շրջանակում ՊԱՀՀ-ն ստացել է խորհրդատվություն ռազմավարական մակարդակի ուսումնական գործընթացի կազմակերպման, ծրագրերի վերանայման, ուսումնամեթոդական գործընթացի արդիականացման, ինչպես նաև միջազգային արդի չափորոշիչների ներդրման գործընթացում:
Ընդգծվել է նաև այն, որ ՊԱՀՀ-ի ղեկավար կազմից կրթության և գիտության գծով տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանը 2022 թվականին և Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ Դավիթ Մանասյանը 2023 թվականին վերապատրաստում են անցել տարածաշրջանային ուղղվածությամբ դասընթացում, որի արդյունքում մի շարք առաջավոր կառուցակարգեր ու առարկայական ծրագրեր ներդրվել են ՊԱՀՀ-ի գիտակրթական գործընթացներում։










