ՊԱՀՀ-ում անցկացվել է «Հիբրիդային պատերազմների իմաստավորումը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համատեքստում» խորագրով գիտաժողով

ՊԱՀՀ-ում անցկացվել է «Հիբրիդային պատերազմների իմաստավորումը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համատեքստում» խորագրով  գիտաժողով

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր գիտաժողով՝ «Հիբրիդային պատերազմների իմաստավորումը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համատեքստում» խորագրով:

Գիտաժողովի նպատակն էր վեր հանել հիբրիդային պատերազմների տեսության և պրակտիկայի հետ կապված խնդիրները՝ գիտական քննարկման հարթակ տրամադրելով նշված համալիր գործընթացում ներառված տարբեր ոլորտների մասնագետներին։

Գիտաժողովին մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովը վարում էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի ՌՌՀ կենտրոնի գիտնական վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը:

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: Նա կարևորեց պաշտպանությանը պետության պատրաստման գործընթացը և ընդգծեց դրա՝ որպես միասնական համակարգ գործելու անհրաժեշտությունը:

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի օգնական, ԱՄՆ Ռազմածովային ասպիրանտուրայում գիտությունների դոկտորի հայցորդ գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, գնդապետ Բակուր Աղաջանյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության Պաշտպանական քաղաքականության բաժնի պետի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և  իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Տիգրան Հարությունյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Անգելինա Հարությունյանը, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ԲՊՀ դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը:

Բանախոսներն իրենց զեկուցումներում խորքային կերպով և համակողմանիորեն վերլուծեցին հիբրիդային պատերազմների տեսությանն ու պրակտակային, հիմնական հասկացութային ապարատին այդ պատերազմների, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների նույնականացմանն ու հակազդմանը վերաբերող հարցեր՝ խնդիրը դիտարկելով ՀՀ ազգային անվտանգության համատեքստում:

Ամփոփելով գիտաժողովը՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և բոլոր մասնակիցներին։