Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունների հումանիտար հետևանքները. սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և դասախոսական կազմը, ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրի և «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի 7-րդ հոսքի ուսումնառողները:
Գիտաժողովի հիմնական նպատակն էր քննարկել և գիտական վերլուծության ենթարկել Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունների, մասնավորպես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տասնամսյա շրջափակման և սեպտեմբերի 19-ին ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները:
Գիտաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՊԱՀՀ-ի պետ գեներալ-մայոր Գ. Տավարածյանը՝ ընդգծելով բնակչության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի բարելավման կարևորությունը՝ վերոնշյալ ռազմաքաղաքական իրադարձությունների հումանիտար հետևանքների համատեքստում: Ներածական խոսքով ներկաներին դիմել է ՊԱՀՀ-ի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Անուշ Մինասյանը, որը շեշտեց սոցոլագիական ուսումնասիրությունների դերը՝ ճգնաժամի հումանիտար հետևանքների վերլուծության և սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում:
Գիտաժողովի ընթացքում գիտական զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս.գ.թ. Նվարդ Մելքոնյանը՝ «Ճգնաժամային հաղորդակցությունների կառավարման հիմնախնդիրները արցախյան հումանիտար ճգնաժամի համատեքստում» թեմայով, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Անահիտ Ջիջյանը՝ «ՀՀ սոցիալական քաղաքականության նոր ուղղվածությունը 2020թ. Արցախյան պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքների համատեքստում» թեմայով, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս.գ.թ. Միրա ԱՆտոնյանը՝ «Արցախը դիմակայության համար մաքառումների և ճգնաժամերի խաչմերուկում» թեմայով, նույն ամբիոնի վարիչ, դոցենտ, ս.գ.թ. Յուլիանա Մելքումյանը՝ «2023 թ. Արցախից բռնի տեղահանվածների Հայաստանում սոցիալական ինտեգրման խնդիրները» թեմայով, ինչպես նաև ՊԱՀՀ-ի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան Վարդան Գևորգյանը «2020 թ. Արցախյան պատերազմի և կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի և կյանքի որակի վրա» թեմայով:
Գիտաժողովի ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում՝ նշված թեմաներում արծարծված հիմնախնդիրների վերաբերյալ, հնչեցին տարաբնույթ դիտարկումներ և տեսակետներ: Գիտաժողովի մասնակիցների կողմից հատկապես կարևորվել է հումանիտար հիմնախնդիրների լուծման գործում միասնական, ռազմավարական մոտեցման անհրաժեշտությունը:








