Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի եռալեզու նորաստեղծ կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, հանդեսի անձնակազմը, ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից և գիտակրթական տարբեր հաստատություններից:
Հանդեսի կայքի ստեղծումը ողջունեցին և կարևորեցին ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արամ Թորոսյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության և կրթության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը: ՊԱՀՀ-ի և «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գործունեությունը, նորաստեղծ կայքի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացրեց ՊԱՀՀ-ի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, գնդապետ Առլեն Շահվերդյանը:
Շնորհանդեսն առիթ էր արժանին մատուցելու հայկական գիտական և գիտահրատարակչական ասպարեզում շուրջ 30 տարի իր արժանի տեղը զբաղեցրած հանդեսի գործունեությանը: Իր գոյության և գործունեության տարիներին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» հանդեսը ոչ միայն իր արժանի տեղը գտավ հայրենական գիտական պարբերականների շարքում, այլև սահմանեց որակի նոր նշաձող՝ գիտական-մասնագիտական տիրույթում կերտելով իր ուրույն ձեռագիրն ու ոճը և նպաստելով ՀՀ ԶՈՒ-ի ռազմագիտական և ռազմակրթական մակարդակի բարձրացմանը:
Հանդեսի հարմարավետ և հարուստ գործիքարանով պաշտոնական կայքի ստեղծումը հանդեսի կողմից տարիների ընթացքում կուտակված մեծ ժառանգության և արդի տեխնոլոգիաների համադրման հաջողված օրինակ է, որը կխթանի հեղինակներին իրենց գիտական հոդվածները հրապարակվելու ՀՀ պաշտպանության նախարարության գիտական հանդեսում:
ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի անդրադարձը ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորաստեղծ կայքի շնորհանդեսին (դիտել 23:38 րոպեից):























